1Եւ Յոբւ պատասխանելով ասեց. 2Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնեք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով:
3Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չ՞էք ամաչում՝ ինձ ապշեցնում էք:
4Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ'մնայ իմ սխալմունքը:
5Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:
6Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:
7Ահա ես աղաղակում եմ՝ զրկա՜նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ'կայ:
8Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել:
9Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս:
10Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը:
11Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում:
12Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իր վրանի շուրջը:
13Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանոթներն էլ օտարացել են ինձանից:
14Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ:
15Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:
16Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան:
17Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը:
18Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:
19Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ:
20Մորթիս եւ մարմնիս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:
21Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետեւ Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:
22Ի՞նչու էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:
23Ոհ երանի՜ թէ գրուէին խօսքերս, երանի՜ թէ քանդակուէին մի գրքի մէջ:
24Երկաթի գրիչով եւ կապարով, փրագրուէին քարի վերայ յաւիտեան:
25Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:
26Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:
27Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
28Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը:
29Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետեւ անիրաւությունների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ: